Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Քարոզարշավ. օր իններորդ. Սեյրան Օհանյանի «քվանշը»

Քարոզարշավ. օր իններորդ. Սեյրան Օհանյանի «քվանշը»
14.03.2017 | 11:14

Արտաքուստ հանգիստ ընթացող քարոզարշավի մեկ իրադարձությունը հաճախ բացահայտում է դրա ստվերային դրսևորումները: Ջրառատում, որը ՀՀ սկանդալային փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի գյուղն է, կարող էր ընդդիմության հետ կապված միջադեպ լինել, ու նաև «օրինաչափ» է, որ Երանոսյանի եղբայրը կարող էր կրակել: Ժանրից դուրս է, որ Լեռնիկ Երանոսյանը նույնպես կարող էր ծեծ ուտել ՕՐՕ համակիրների կողմից և տեղափոխվել հիվանդանոց: Դա այդպես է ու, ըստ էության,հաստատվում է նաև Սեյրան Օհանյանի կողմից: «Բուն պատճառը մեր հանրահավաքում գտնվող մարդկանց հանրահավաքին մասնակցել թույլ չտալն է եղել և հայհոյանք տալը։ Իսկ հայհոյանք տվողին Հայաստանում ի՞նչ են անում, պատժում են»,-ասել է նախկին նախարարը:

Այնպիսի տպավորություն է, որ Ջրառատի «մի կաթիլ մեղրը», այսինքն` լարվածությունն անհրաժեշտություն է իշխանությունների համար ու նաև ձեռնտու է ՕՐՕ-ին:
Իշխանության խնդիրը պարզ է. հնարավորինս կոնսոլիդացնել ռեսուրսները և թիրախավորել այն ուժերը, որոնք կարող են դրանք փոշիացնել: Պատահական չէ, որ Ջրառատի դեպքերին գրեթե զուգահեռ տեղի է ունեցել մեկ այլ իրադարձություն: Արտաշատում գիշերային ակումբի ապօրինի գործունեության կասկածանքով երեկ ձերբակալվել է Արգամ Աբրահամյանի թիմակից Գեղամ Հակոբյանը:


Փոքր-ինչ անհասկանալի կարող են թվալ Ջրառատի միջադեպը «բրենդավորելու» ՕՐՕ-ի վարքագիծը, Սեյրան Օհանյանի` իրեն ոչ բնորոշ կտրուկությունն ու լեքսիկոնը: Այս «խաղը», կարծես, բնորոշ է Ռոբերտ Քոչարյան-Սամվել Բաբայան զույգին, որը, ըստ ամենայնի,դժգոհ է դաշինքի կանխատեսվող արդյունքից ու փորձում է նախընտրական, իսկ գուցե նաև հետընտրական «թեժացման» հիմքեր ստեղծել: Իշխանություններ-ՕՐՕ հնարավոր «ուժային» հակադրությունն ավելի է արժեզրկելու առանց այն էլ անբովանդակ ընտրարշավը:
Իսկ բուն քարոզարշավը շարուկակվում է նույն միապաղաղությամբ: Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանի Ավան համայնքում էր, այն տարբերությամբ, որ այստեղ նրան ուղեկցում էին ոչ թե Վիգեն Սարգսյանն ու Արփինե Հովհաննիսյանը, այլ` Տարոն Մարգարյանն ու Արմեն Ամիրյանը: Դրանից, իհարկե, չէին փոխվել ՀՀԿ քարոզչության ոչ բովանդակությունը, ոչ էլ` ոճը: Եթե գործող վարչապետի վարկանիշն առայժմ համեմատաբար բարձր է, ապա լիդերության հատկանիշների բացակայությունն էապես վնասելու է Կարեն Կարապետյանին, եթե, իհարկե, նա իշխանության ղեկին ուզում է մնալ 2018-ի ապրիլից հետո:


Այս քարոզարշավում երեկ իր առաջին քաղաքական հայտարարությունը հնչեցրել է Գագիկ Ծառուկյանը: Ապարանում ընտրողների հետ հանդիպմանը նա հայտարարել է, թե «ով մեղավոր է երկրում ստեղծված վատ վիճակի համար, պետք է հեռանա»: Բայց քանի «որ պարոն Մուկուչյանը արգելել է» օգնել ժողովրդին` Ծառուկյանի կողմնակիցները թերևս կպահնջեն հենց ԿԸՀ նախագահի հրաժարականը:


Քարոզարշվի մեկ երրորդը մնաց հետևում, ու այս ընթացքում ես քաղաքական կամ գաղափարական պոլեմիկայի ընդամենը երկու դրսևորում եմ հիշում: Առաջինը` «ԵԼՔ» և ՕՐՕ դաշինքների կոշտ արձագանքն էր Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, որ այս ընտրություններում ՀՀԿ-ն մրցակից չունի: Ենթադրում եմ, որ իրականում հենց այս դաշինքներն են ձգտում իշխանափոխության` անկախ իրենց հնարավորություններից: Քաղաքականության շունչ կար նաև ՀԱԿ և ՀՅԴ ներկայցուցիչներ Լևոն Զուրաբյանի ու Լևոն Մկրտչյանի կիրակնօրյա բանավեճում` «Ազատության» տաղավարում: Բայց այդ գաղափարական, պատմական բանավեճն ուղղակի առնչություն չուներ այսօրվա ընտրարշավի հետ: Բացի այդ, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն այս ընտրարշավի «ծանրքաշայինների» թվում չեն ու չեն կարող ազդել քարոզարշավի ընթացքի վրա:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1477

Մեկնաբանություններ